Բարի գալուստ Նարեկացի նվագախումբ

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ստեղծվել է 2008թ․ օգոստոս ամսին «Նարեկացի» արվեստի միությունում հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանի հոգածությամբ, մի քանի բարերար և արվեստասեր մարդկանց աջակցությամբ: Այն կյանքի է կոչվել դեռևս 2005 թվականին կազմակերպված թառի և քամանչայի անվճար դասընթացների հիման վրա։

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին: Այս ոգով է հիմնադրվել «Նարեկացի» արվեստի միությունը 2000 թվականին ԱՄՆ-ում բարերար Նարեկ Հարությունյանի կողմից, իր ավագ եղբոր` Սարո Հարությունյանի, Հարկո Ինսենթիվզ ընկերության www.harcoweb.com և իրենց լուսահոգի հոր` Կարապետ Հարությունյանի հիմնական աջակցությամբ:

2004 թվականին միությունն իր դռներն է բացել Երևանում և 2006 թվականին՝ Շուշիում:

Համույթի հիմնումը նպատակ էր հետապնդում երիտասարդ երաժիշտների շրջանում առաջացնել սեր և հետաքրքրություն հայկական նվագարանների հանդեպ, դրանով իսկ նոր շունչ և ոգի հաղորդել ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Ի սկզբանե համույթը բաղկացած էր 21 գործիքային և 5 վոկալ երիտասարդ կատարողներից, ովքեր հիմնականում հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների և փառատոների դափնեկիրներ էին։

Առաջին ելույթով համույթը հանդես է եկել 2008թ. օգոստոսի 27-ին՝ «Հայաստանում լիբանանյան օրեր» նախագծի բացման արարողությանը, որին հաջորդել են բազմաթիվ համերգներ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում։

2010 թվականի ապրիլ-մայիս ամիսներին համույթը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման և այլ քաղաքներում, ինչպես նաև Շվեյցարիայի Ժնևում, Ցյուրիխում և Լուգանոյում:

2010 թվականին համույթը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

2012 թվականին համույթը թողարկել է իր երկրորդ՝ «Վերածնունդ» ձայնասկավառակը:

Հիմնադրման օրից մինչև 2015 թվականի հունիսը համույթի գեղարվեստական ղեկավարն է եղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի թառահար Հովիկ Սահակյանը, այնուհետև` կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրը:

2016թ. հունվարից «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը վերակազմավորվել և վերանվանվել է «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբ:
Այժմ նվագախմբում նվագում է 31 երաժիշտ:

Նվագախումբը մինչ օրս թողարկել է 4 տեսահոլովակ, որոնցից թերևս ամենաուշագրավը «Նարեկացի» նվագախմբի նվիրումն էր Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին՝ վերջիններիս Aerials երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով:

2016 թվականի հոկտեմբերի 31-ին «Նարեկացի» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնին՝ արժանանալով գլխավոր մրցանակի:

«Նարեկացի» նվագախմբի առաքելությունն է օգնել ձեզ երաժշտության միջոցով կապ հաստատել հայկական դարավոր երաժշտական ժառանգությանը` կամրջելով անցյալը, ներկան և ապագան:

Միացե՛ք «Նարեկացի» նվագախմբի ֆեյսբուքյան էջին աշխարհի ցանկացած կետից և նպաստե՛ք աշխարհի հնագույն մշակույթներից մեկի պահպանմանը: