Երաժշտություն

«ՆՈՐ ՇՈՒՆՉ» «ՆԱՐԵԿԱՑԻ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Բեռնել գրքույկը
1. Հայկական ժողովրդական պարեղանակ «Կալոսի պռկեն» «Կալոսի պռկեն» բառացի նշանակում է «անիվի եզրի հետ»: Շիրակի դաշտավայրում ծնված և ողջ Հայաստանում տարածված հարսանեկան այս պարեղանակը կատարվում է հարսին տանից դուրս բերելու ժամանակ: Հարսի ու փեսայի կառքի անիվի եզրին զուգահեռ քայլելով` հարսանքավորները ճանապարհում էին հարսին: Օգտվելով անզուգական դուդուկահար Վաչե Հովսեփյանի ձայնագրությունից` այն մշակվել է նվագախմբի համար՝ միահյուսվելով «Ղաշանգ է մայլի տղեն» երգի մեղեդուն: Արդյունքում ստացվել է պարային սյուիտ:
2. Արամ Խաչատրյան «Ադաջիո» («Սպարտակ» բալետից) «Նոր շունչ» ձայնասկավառակն իր մեջ ներառում է նաև դասական ստեղծագործություններ, որոնք փոխադրելու ժամանակ ազգային նվագարանների համար տեխնիկական լուրջ դժվարություններ են առաջացրել, բայց «Նարեկացի» նվագախումբը փորձել է հաղթահարել դրանք:
3. Էդուարդ Բաղդասարյան «Սյուիտ» Այս երաժշտությունը վերցված է «Տժվժիկ» հայտնի կինոնկարից, որը արտահայտում է Արևմտյան Հայաստանի վառ հնչերանգը։ Մշակվելով այն ստանում է մի նոր գունային հանդերձանք:
4. Ծովինար Հովհաննիսյան «Ռապսոդիա թիվ 1» Ի սկզբանե «Ռապսոդիան» գրված էր երկու քանոնի և ուդի համար: Նվագախմբի մեծ կազմի համար կատարված այս եռմասանի ստեղծագործության նոր գործիքավորումն ավելի բազմերանգ է դարձրել ժողովրդական երաժշտության տարերքը։
5. Իվ Մոնտան «Փարիզի երկնքի տակ» Առհասարակ ժողովրդական նվագարանների նվագախմբերը չեն սահմանափակվում իրենց համապատասխան երկացանկով: «Նոր շունչ» ձայնասկավառակը զարդարում է նաև Իվ Մոնտանի «Փարիզի երկնքի տակ» երգը՝ ժողովրդական նվագարաններին համահունչ գործիքավորմամբ: «Փարիզի երկնքի տակ» երգի երաժշտությունը՝ «Նարեկացի» նվագախմբի կատարմամբ, Երևանը կարծես ավելի է մոտեցնում Փարիզին և միավորում նույն երկնքի տակ:
6. Ռուբեն Վարդանյան «Դուդուկիս» «Նարեկացի» նվագախմբի բարեկամ Ռ.Վարդանյանի «Դուդուկիս» երգը՝ մշակված նվագախմբի և դուդուկի համար, ձոն է, որում աշխարհով մեկ տարածված հայկական նվագարանը ժողովրդական նվագախմբի այս շքեղ ներկայացմամբ հանդես է գալիս որպես գլխավոր հերոս:
7. Արտեմ Խաչատուր «Ջրափի» Ինչպես նշում է հեղինակը. «Այժմյան և Արևմտյան Հայաստանի սահմանագծով հոսող Ախուրյան գետի մերձակա ջրանցքի ափին է գտնվում Ջրափի գյուղը: Այն հիմնել են ցեղասպանության տարիներին Ղարսից գաղթած հայերը»: «Ջրափի» ստեղծագործությունն Արտեմը նվիրել է իր հոր ծննդավայրին: Ի դեպ, Ջրափիում պահպանվել են կամուրջների մնացորդներ, որոնք տանում էին դեպի Անի մայրաքաղաք: Այժմ «Ջրափի» պարեղանակը կարելի է համարել մի մազի կամուրջ, որը կապում է «Ծովից ծով Հայաստանը» մինչև «Հայոց գա գարուն» (Գ. Սրվանձտյան):
8. Սայաթ-Նովա «Էշխէմէդ» 18-րդ դարի հանճարեղ աշուղի բանաստեղծությունները կյանքի են կոչել այնպիսի երգեր, որոնք գործիքային կատարմամբ ևս չեն կորցնում իրենց հմայքն ու պերճանքը: Այդպիսին է «Էշխէմէդ» երգը, որի գործիքավորումը, պահպանելով աշուղական ոգին, նոր լույսի ներքո է ներկայացնում այն:
9. Արամ Խաչատրյան «Լեռնցիների» և «Պատանի լեռնցիների պարերը» Ժողովրդական նվագարաններով այս փոխադրությունը հաջողությամբ վերարտադրում է «Գայանե» բալետի սյուիտի համանուն դրվագի ժայռեղեն հնչողությունը և եռանդուն պարի հզորությունը: Այս ստեղծագործությունը «Նարեկացի» նվագախումբը նվիրել է Ապրիլյան պատերազմին մասնակցած մեր քաջարի զինվորներին:
10. Կոմիտաս «Լոռու գութաներգ» Բնության գրկում պատկերված, հողագործ գեղջուկին նվիրված այս երգի քառաձայն խմբերգային տարբերակի գործիքավորումն այնքա՜ն բազմերանգ է, զուգորդումներն այնքա՜ն պատկերավոր են ու տարածական, որ այն կարելի է բնութագրել Կոմիտասի խոսքով՝ «ձայնանկար»:
11.«Նոր Ուզունդարա»«Ուզունդարան» արցախյան հարսի նրբագեղ պար է, որի մշակման ժամանակ հավելվել է փեսայի կրակոտ պարը, ամբողջացնելով տեսարանը՝ դարձրել ավելի տեսանելի, պատկերավոր և վերանվանվել «Նոր Ուզունդարայի»:
12. Մակար Եկմալյան «Սուրբ, սուրբ» Մակար Եկմալյանի «Պատարագից» «Սուրբ,սուրբ» երգի փոխադրությունն ասես վերստեղծում է այն խնկաբույր, աղոթքային մթնոլորտը, որը տիրում է եկեղեցում: Այս տպավորությունը խորացնում է կսմիթային նվագարանների հարվածները, ինչը հիշեցնում է եկեղեցու զանգերը:
«ՆՈՐ ՇՈՒՆՉ» «ՆԱՐԵԿԱՑԻ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

«Նարեկացի» արվեստի միության մշակութային լայնածավալ գործունեության ասպարեզում իր ակտիվ դերակատարությունն ունի սուրբ Գրիգոր Նարեկացու անունը պատվով կրող ժողովրդական նվագարանների նվագախումբը:
Այն ղեկավարում է տաղանդավոր թառահար, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը:
Նվագախումբն ունի հարուստ երկացանկ. ժողովրդական, աշուղական, հոգևոր երաժշտության նմուշներ, մշակումներ, հեղինակային գործեր, փոխադրություններ: «Նոր շունչ» ձայնասկավառակում զետեղված է 12 գործիքային ստեղծագործություն, որոնք մշակել, փոխադրել, այնուհետև գործիքավորել է կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը։