Լուրեր

Առաջին համերգային ուղևորությունը Գորիս և Սիսիան

2008 Հոկ 08, Չորեքշաբթի 12:00

2008-ի հոկտեմբերի 8-ին «Նարեկացի» ժողո֊վրդա֊կան նվագա֊րանների մանկապատանեկան համույթը հանդես եկավ Գորիսում։ Սա խմբի առաջին համերգային այցն էր մայրաքաղաքից դուրս և առաջին մեծ համերգը։ Հոկտեմբերի 9-ին խումբը հանդես եկավ Սիսիանի երաժշտական դպրոցում։ Այստեղ ևս համերգը մեծ արձագանք ունեցավ արվեստասեր hանրության կողմից։

Ներկայացնում ենք «Զանգեզուր» թերթում տպագրված հոդվածը համերգի մասին.

«Հոկտեմբերի 8-ին Գորիսում` Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում կայացավ «Նարեկացի» ժողովրդական մանկապատանեկան նվագախմբի համերգը: Ծրագրում ընդգրված էին գուսանական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր: Համերգի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում էր «Ադաջիո» երաժշտական մշակութային ՀԿ-ին՝ նախագահ Կարինե Գրիգորյանի ղեկավարությամբ և Ֆրանսիայի Վիեն քաղաքի Հայ մշակութի տան ֆինանսական աջակցությամբ:

Գորիսյան հանդիսատեսը պարզապես հիացած էր: Նախ ասենք` դահլիճը լեփ-լեցուն էր գնահատող հանդիսատեսով: Ընդունելությունը նույնպես ջերմ էր, փոխադարձ ուրախ ժպիտներով: Ինչպես փաստեց համույթի ղեկավար Հովիկ Սահակյանը՝ խումբը 2 ամսվա համատեղ աշխատանքի փորձ ուներ ընդամենը, ինչն իսկապես զարմացնող և հիացնող էր միաժամանակ:

Իսկ հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ համույթի լավ ուսանած անդամ աշակերտները, կարելի է ասել, արդեն երաժիշտներ են, իսկ նրանց ղեկավարը մեծ փորձ ունի այս բնագավառում:
Դահլիճը հիացած էր, տպավորված: Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, տարբեր գուսանների ստեղծագործություններ, ժողովրդական խաղիկներ: Բոլոր կատարողները բարձր գնահատականի արժանացան. դրա մասին էին վկայում այն բուռն ծափահարություններն ու բացականչությունները, որ հնչում էին դահլիճից: Համերգը վկայեց նաև այն մասին, որ հայ երգարվեստի մեծ վարպետների գործերը դարերի հետ ճամփորդելու են, հատկապես մեր և եկող սերունդների ճիշտ գնահատականներին արժանանալիս: Երաժշտական այս գոհաներն ապրում են, երբ դրանք սիրով են կատարվում:

«Ադաջիո» ՀԿ-ի նախագահը համերգի վերջում բոլորի անունից շնորհակալություն հայտնեց խմբի ղեկավարին և բոլոր անդամներին՝ Գորիս այցելելու հրավերն ընդունելու և նման գեղեցիկ ելույթի համար: Համերգի մասնակիցներն էլ փոխադարձ ջերմ խոսքեր ասացին այս գեղեցիկ միջոցառման կազմակերպչին՝ Կարինե Գրիգորյանին: Իրավամբ, դաշնակահարուհի Կարինեի շնորհիվ է գորիսյան հանդիսատեսը հաճախակի շփվում հայ և այլ ժողովուրդների դասական և ժողովրդական ստեղծագործությունների հետ, հաղորդակից դառնում գեղեցիկին և հաճելի պահեր ապրում»: