Լուրեր

Համերգ Ղափլանյանի անվան թատրոնում

2011 Դեկ 08, Հինգշաբթի 18:00

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի երկրորդ մեծ համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։ Համույթը ներկայացավ բեմական նոր հանդերձանքով, ուշագրավ ու յուրօրինակ մեկնաբանություններով, մշակումներով և պրեմիերաներով հագեցած համերգային ծրագրով։ Հնչեցին աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, կտորներ հայ հոգևոր երաժշտությունից, ինչպես նաև հայ դասական ստեղծագործությունների մի շարք փոխադրումներ: Դրանք նոր իմաստ ու կարևորություն ստացան՝ համերգավար Արուսյակ Սահակյանի իրազեկ և պատկերավոր մեկնաբանությունների, վերլուծությունների և նկարագրությունների շնորհիվ։

Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց նաև նոր հրատարակված պատկերազարդ գրքույկը, որտեղ հանրամատչելի բացատրություններով նկարագրված են ավանդական նվագարանների կառուցվածքային ու ձայնավերարտադրողական առանձնահատկությունները, հետաքրքրական փաստեր՝ նվագարաների պատմության, զարգացման ուղու, դրանց հետ կապված առասպելների մասին։ Ճանաչողական այս գրքույկը, որը տրամադրվեց բոլոր ներկաներին, հրատարակվել է՝ ազգային երաժշտությունն ու նվագարանները հանրայնացնելու և դրանց մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով։
Համույթի բեմական նոր զգեստների ձևավորումն իրականացրել էր հագուստի մոդելավորող Լալա Սարգսյանը։ Կարմիր ու սև գույների գեղեցիկ համադրության վրա հիմնված բեմական այս նոր հանդերձը յուրօրինակ հեղինակային աշխատանք է, որում ավանդական մեզարները ստացել են ժամանակակից բեմի գեղագիտական պահանջներին համապատասխանող վայելուչ ձևածք, դրանք առանձնանում են նաև Լալա Սարգսյանի հեղինակային զարդանախշերով ստեղծված ոճավորումներով։

Հիմնադրման օրվանից «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավարն է անվանի թառահար և խմբավար Հովիկ Սահակյանը, ով թառահարի և նվագախմբի դիրիժորի բարձրագույն որակավորում է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի առաջին թառահարը և ունի մանկավարժական հարուստ կենսագրություն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթում, Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի եւ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներում։

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կազմավորվել է ազգային երաժշտության ու նվագարանների հանդեպ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը վերականգնելու տեսլականով և ժողովրդական երաժշտություն կատարողների շարքերը երիտասարդներով համալրելու մտայնությամբ։ Համույթը կազմավորվել է դեռ 2005-ին Նարեկացի Արվեստի Միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հիմքի վրա։ Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին, իսկ «Նարեկացի»-ն սահմանել էր հատուկ կրթաթոշակ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար։ Այսօր արդեն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կայացած ու համերգային գործունեության հարուստ կենսագրությամբ անսամբլ է։ 2008-ի օգոստոսի 27-ի իր անդրանիկ ելույթից ի վեր՝ համույթը համերգային ու հյուրախաղային երկար ուղի է անցել` Երևանի տարբեր բեմերով, Հայաստանի մարզերով և Արցախով, Ֆրանսիայի Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի քաղաքներով, Շվեյցարիայի Ժնևով, Ցյուրիխով, Լուգանոյով…
Համույթի թողարկած ձայնասկավառակը 2010-ի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն ալբոմ»։