2012 Ապր 20, Ուրբաթ 19:00
Ապրիլի 20-ին Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառումը:
«Այս միջոցառումը մեկտեղում է համագործակցության և հնարավորություններ ստեղծելու գաղափարները՝ երաժշտության և արվեստի ոգու ներքո»,-ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսպես բնորոշեց Նարեկացի Արվեստի Միության նախաձեռնած «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառումը: Վերջինս համախմբել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող տարբեր կազմակերպությունների և կենտրոնների աշխատակիցների, բազմաթիվ արվեստագետների, գործարարների, հասարակական և մշակույթի գործիչների: Միջոցառման օրը Նարեկացի Արվեստի Միությունը, «Զիգզագ» ՍՊԸ-ն, գործարար Անդրանիկ Պողոսեանը, անհատ Լաուրա Էլբակյանն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն անվասայլակներ, քայլակներ, հենակներ և այլ նվերներ հանձնեցին «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին:
Պետք է նշել, որ նյութական աջակցությունից առավել նշանակալի էր միջոցառման խորհրդանշական ուղերձը. այն միտված էր հավաստելու, որ մեր հասարակությունը միայն պատշաճ փոխըմբռնմամբ կարող է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի որևէ մեկի հանրային ներգրավվածությանը, որտեղ պաշտպանված կլինեն բազմազանության արժեքներն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը:
«Օրը կարևոր և խորհրդանշական է նախ և առաջ այն պատճառով, որ նվիրելու, տալու, միմյանց շնորհելու առիթ է: Բայց նրանք, ովքեր առաջին հայացքից ստացողի դերում են, իրական շնորհ անողներն են, քանզի հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց ժպիտով, հայացքով մեզ սովորեցնում են սիրել և հուշում, թե ինչպես մենք կարող ենք միավորվել` հանուն ավելի լավ ապագայի»,- նշեց Նարեկացի Արվեստի Միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը` հավելելով, որ «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» անվանումը պատահական խորագիր չէ. Նարեկացի Արվեստի Միությունը հիմնադրման առաջին իսկ օրվանից Երևանի և Շուշիի իր կենտրոններում ստեղծել է անհրաժեշտ պայմաններ հատուկ կարիքներով մարդկանց ազատ տեղաշարժման համար՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում նշանակալի և դրական փոփոխություն բերելու տեսլականով:
Օրն իր խորհրդով, ըստ ԱՄՆ դեսպանի, նաև ներբեռնված էր համագործակցության գաղափարը շոշափելի դարձնելու լիցքով, քանզի այն միավորել էր հասարակական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների՝ գործարարների, մշակութային գործիչների, դիվանագետների: «Դեսպանատանը մենք ամեն ինչ անում ենք աշխատելու կայուն արժեքների վրա խարսխված կազմակերպությունների հետ, և Նարեկացի Արվեստի Միությունը, արդարև, հենց այդպիսի կազմակերպություն է»,- նշեց դեսպանն ու ավելացրեց. «Դեսպանատունը մշակութային հարցերով զբաղվող ստորաբաժանում ունի, և ինչպես նախկինում, այժմ էլ մենք վճռական ենք տրամադրված` համագործակցելու Նարեկացի Արվեստի Միության հետ»:
Ընդհանրապես, հաշմանդամության խնդիրը Հեֆերնների ընտանիքի առանձնակի հոգածության ներքո է գտնվում, քանզի հանդիսանում է դեսպանի տիկնոջ՝ Լիբի Հեֆերնի հանրային գործունեության գլխավոր ուղղություններից մեկը:
«Իմ կինն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում առանձնակիորեն է զբաղվել հատուկ կարիքներով մարդկանց խնդրով, և մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում կան Նարեկացի Արվեստի Միության նման կազմակերպություններ, որոնք սատարում են հաշմանդամություն ունեցող անձանց կեցության և զանազան հնարավորություններ ունենալու հարցում»,- նշեց Ջոն Հեֆերնը:
Նոր հնարավորությունները չսպասեցրին, քանզի դեսպանը՝ ոգևորված ներկայացված ցուցահանդեսից, հայտնեց, որ շուտով իրենց առանձնատանը բացվելու է հաշմանդամություն ունեցող ամերիկացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես, և որ իրենք այդ ցուցահանդեսը, ամենայն հավանականությամբ, կընդլայնեն` համալրելով այն հաշմանդամություն ունեցող հայ արվեստագետների աշխատանքներով:
Այդպիսի աշխատանքներից էր կազմված նաև «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսը, որում ներկայացված էին հաշմանդամություն ունեցող գործարար Անդրանիկ Պողոսեանի գեղարվեստական քանդակները, ինչպես նաև հաշմանդամության խնդրով զբաղվող «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Ունիսոն», «Շող» կազմակերպություններում և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնում ներգրավված երիտասարդ ու տարեց նկարիչների գեղարվեստական աշխատանքները:
Համերգային մասը նույնպես աչքի ընկավ հաշմանդամություն ունեցող կատարողների ելույթներով. հանդես եկավ «Փարոս» երգչախումբը, Ալեքսանդր Ժույկովը, Մանուշ Մելքումյանը ու Նարինե Միքայելյանը՝ Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնից: Համերգին մասնակցեցին նաև վոկալիստ Ծովինար Պողոսեանն ու «Նարեկացի» ժողնվագարանների համույթը:
Երաժիշտ կատարողներին նույնպես անակնկալ էր սպասվում: Նարեկ Հարթունյանը պաշտոնապես հայտարարեց, որ Նարեկացի Արվեստի Միության այս տարվա նախագծերից է «Փարոս» երգչախմբի ձայնասկավառակի թողարկումը, իսկ կուրություն ունեցող վոկալիստ Ալեքսանդր Ժույկովին ու դաշնակահար Լևոն Կարապետյանին «Նարեկացի» ստուդիայում ձայնագրվելու հնարավորություն տրվեց:
«Որևէ հասարակության քաղաքակրթվածության աստիճանը չափվում է նաև հաշմանդամություն ու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց վերաբերող հարցերում ներդրված ջանքերով: Որքան մեծ ջանք է հասարակությունը ներդնում, և որքան հստակ է նրա կեցվածքը, այնքան ավելի մեծ է այդ հասարակության զարգացման ներուժը»,-միջոցառման ավարտին կարծիք հայտնեց Հայաստանում Լիբանանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահը:
Իսկ այդ ջանքերը հավաքական էին, քանզի «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» նախաձեռնության շուրջ համախմբվել էին տարբեր մարդիկ ու կազմակերպություններ: Այսպես, միջոցառման օրը Նարեկացի Արվեստի Միությունը մեկ անվասայլակ և մեկ քայլակ նվիրեց ողնաշարային վնասվածքով հաշմանդամություն ունեցող երկու արվեստագետի, ինչպես նաև գրենական ու նկարչական պիտույքների մեծ փաթեթ՝ «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին:
«Զիգզագ» ՍՊԸ-ն 4 անվասայլակ և 4 հենակ հանձնեց հաշմանդամություն ունեցող արվեստագետների: Իսկ գործարար Անդրանիկ Պողոսեանը տեխնիկական մեծ հնարավորություններով օժտված թանկարժեք էլեկտրական անվասայլակ նվիրաբերեց: Այն տրամադրվեց ողնաշարային լուրջ հիվանդություն ունեցող երիտասարդ նկարչուհի Մոնիկա Սահակյանին, ում առօրյա և ստեղծագործական կյանքում առկա լրջագույն սահմանափակումներն զգալիորեն կմեղմվեն՝ նորօրինակ այս սարքի ընձեռած տեխնիկական հնարավորությունների շնորհիվ:
Անհատ Լաուրա Էլբակյանի անունից մեկ անվասայլակ հանձնվեց հատուկ կարիքներով մարդկանց աջակցման «Շող» ստեղծագործական կենտրոնում սովորող Համեստ Մկրտչյանին: Իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը տրամադրեց 2 հենակ և նկարչական-գրենական պիտույքներ, որոնք հատկացվեցին «Ծիլ բուսաց» մանկական ներդաշնակ զարգացման կենտրոնին:
«Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառումը եզակի նախաձեռնություն չէր, այլ հաշմանդամության խնդրին առնչվող՝ Նարեկացի Արվեստի Միության հատուկ ռազմավարության և ծրագրային փաթեթի մի մասը միայն, որն ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հատուկ կարիքներ ունեցող արվեստագետների բարօրությունն ու մասնագիտական գործունեությունը: