Լուրեր

Տոնական միջոցառում ՆԱՄ-ում

2019 Դեկ 22, Կիրակի 19:00

Դեկտեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տոնական տրամադրություն և ջերմ մթնոլորտ էր:

Միություն էին ժամանել Վանաձորի Օրրան բարեգործական կազմակերպության, Գյումրի քաղաքի համայնքային զարգացման սոցիալական աջակցության կենտրոնի, Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի երեխաներն ու պատանիները:

Միությունում սիրելի հյուրերին դիմավորեցին ՆԱՄ-ի «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար` Արտեմ Խաչատուր) և «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան, պարուսույց` Աբել Մաթևոսյան)՝ ծանոթացնելով նրանց ազգային նվագարանների, երաժշտության և պարերի հետ:

Փոքրիկները նախատոնական անմոռանալի պահեր ունեցան նաև երբ այցելության եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը՝ բերելով իրենց հետ ուրախություն, երգեր, պարեր:

Օրը երեխաների համար հագեցած էր նաև այլ անակնկալներով՝ տոնական տորթի համտեսում, նվերներ, խաղեր...

Գեղեցիկ միջոցառման ավարտին ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը խորհրդանշական նվերներ հանձնեց Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության, Վանաձորի Օրրան բարեգործական կազմակերպության, Գյումրի քաղաքի համայնքային զարգացման սոցիալական աջակցության կենտրոնի, Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի ներկայացուցիչներին:

Միջոցառումն իրականացվեց «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» (SOAR - Society for Orphaned Armenian Relief) և Մարիա Գևորգյանի նախաձեռնությամբ և «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ: