2018 Սեպ 12, Չորեքշաբթի 20:00
Սեպտեմբերի 12-ին Միլանում համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:
Նվագախումբը գեղեցիկ հնարավորություն ընձեռեց ներկաներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:
- Աստծո կամոք այսօր այստեղ ենք... Մեզ համար շատ խորհրդանշական է ձեզ համար հանդես գալը: Ուրախ ենք՝ հայկական մշակույթը տարածելու մեր կարողության համար: Մեզ հետ հայրենիքից բերել ենք նվեր՝ «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանով փոքրիկ նուռ։
Նվերը պատկանում է հայր Թովմա Խաչատրյանին, ով օգնեց, որ այսօրվա համերգը կայանա: Դուք այն մարդկանցից եք, ովքեր հայկական մշակույթը տարածելու հարցում մեծ գործունեություն են իրականացնում,- նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Հայր Թովմա Խաչատրյանը ողջունեց բոլորին և հայտնեց իր հիացմունքը Նարեկ Հարությունյանի կատարած հայանվեր գործի, Արտեմ Խաչատուրի գործիքավորումների և երաժիշտների պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ:
- Համայնքում ընդհանուր խանդավառություն է տիրում, և չեմ հիշում, որ երբևէ այսքան կարևոր համերգ տեղի ունեցած լիներ... Շնորհակալություն երիտասարդներին իրենց արհեստավարժ կատարումների համար, Նարեկ Հարությունյանին կատարած հայանվեր գործի և Արտեմ Խաչատուրին բարձր որակի գործիքավորումների, մատուցման ու նվագախմբի աշխատանքների կազմակերպման համար,- իր խոսքում ընդգծեց հայր Թովմա Խաչատրյանը:
Սա նվագախմբի մեծ համերգային շրջագայության չորրորդ կանգառն էր. համերգները կշարունակվեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում:
Նշենք, որ նվագախումը համերգային ծրագրով արդեն հասցրել է հանդես գալ նաև Հռոմում, Տրիկազեում և Ստամբուլում: