Լուրեր

Համերգ Տրիկազեում

2018 Սեպ 09, Կիրակի 20:30

Սեպտեմբերի 9-ին Տրիկազեում հանդիսավոր արարողությամբ կայացավ իտալական «Սալենտո» միջազգային կինոփառատոնի փակումը, որի ժամանակ համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:

Նվագախումբը գեղեցիկ հնարավորություն ընձեռեց ներկաներին բաց երկնքի տակ վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:

Բազմաթիվ պաշտոնյա հյուրերի շարքում էր նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նարեկացի» նվագախումբն Իտալիայում: Շուրջ 2 ժամ տևած համերգը հիացրեց Սալենտոյի բնակիչներին, որոնց արձագանքը մեր երաժիշտների ամեն կատարումից հետո լրացուցիչ հպարտության առիթ էր»:

Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնն առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն:

Համերգի ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն իտալերենով ողջույնի խոսք հնչեցրեց՝ հաճելիորեն զարմացնելով ներկաներին:

Նշենք, որ սա մեծ համերգային շրջագայության երկրորդ կանգառն է: Նվագախումբը համերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Շվեյցարիայում նույնպես, իսկ Ստամբուլում արդեն կայացել է նվագախմբի համերգային երեկոն: