2017 Դեկ 02, Շաբաթ 12:00
Դեկտեմբերի 2-ի առավոտյան մայրաքաղաքի հրապարակում դադարեցվեց երթևեկությունը, և երգի-պարի ժողովրդական, ազգագրական 21 խմբեր պար բռնեցին հրապարակի քարե գորգին՝ սկսելով «Քոչարիից», nրին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Խմբերի շարքում էր «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» նվագախումբը ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:
Կեսժամանոց ֆլեշմոբից հետո «Նարեկացի» նվագախումբն ուղևորվեց Երևանից դուրս.
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի եզրափակիչ՝ «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ծրագրով «Նարեկացի» նվագախումբը դեկտեմբերի 2-ին Աբովյանի երաժշտական դպրոցում և դեկտեմբերի 3-ին Թումանյան գյուղի մշակույթի տանը հանդես եկավ համերգային ծրագրերով:
-Մեր հիմնական նպատակն է տարածել և ճանաչելի դարձնել ազգային երաժշտությունն ու ազգային նվագարանները: Հաշվի չառնելով ցուրտն ու անհարմարավետությունները` մեր նվագախումբը պատրաստ է այս առաքելության համար նվագել,- Թումանյան գյուղում կայացած համերգին նշել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Իսկ նվագախմբի երաժիշտներն անմոռանալի երաժշտությամբ լցրին համերգային դահլիճները՝ ներկաներին այլ տարբերակ չթողնելով, քան հոտնկայս ծափահարելը...