Լուրեր

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակի համերգը

2017 Դեկ 08, Ուրբաթ 18:00

Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հայոց բանակի և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ամուր կապն ապացուցող մի կարևոր միջոցառում. այստեղ տոնական բարձր տրամադրությամբ նշվում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը:
Մինչև միջոցառման մեկնարկը թատրոնի ճեմասրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ստեղծագործող զինվորականների` «Եկեղեցի-բանակ» խորագիրը կրող ստեղծագործությունների ցուցահանդեսին:
Այնուհետև տոնական համերգին ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր) և «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Գագիկ Գինոսյան):