2016 Օգս 22, Եկուշաբաթի 12:00
Երկու համերգ մեկ օրում…«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային ծրագրով հանդես եկավ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը. մեկը՝ հատուկ զինվորների համար, մյուսը` բերդցիների:
Համերգի սկզբում ողջյունի խոսքով հանդես եկավ տեր Արամ քահանա Միրզոյանը .
-Ամեն վայրկյան մտածում ենք հայ զիվորի մասին: Հասկանում ենք, որ ըստ էության, մենք համազգային բանակ ենք, զիվոր ենք, գուցե դատապարտված ենք դրան, գուցե մեր ուժը դրա մեջ է… Անպարտելի է այն ազգը, որը միասնական է ոտքի կանգնում…
Սիրելի՛ զինվորներ, հարգարժան պարոն Հարությունյանը մեծ և ահռելի աշխատանք է կատարում հայ մշակույթի բնագավառում: Ուզում եմ ասել, որ այսօր երկու կարևոր սահմանապահներ հանդիպել են իրար՝ զինվորները, ովքեր թշնամուն են դիմակայում, և «Նարեկացի» նվագախումբը, որը պահպանում է հայ արվեստի մաքուր սահմանը: Դուք պահում եք կարևոր արժեքներ, և դուք այսօր իսկապես պետք է ցույց տաք, թե որն է մեր մաքրամաքուր և ջինջ մշակույթը:
Մենք հպարտության զգացում ունենք այն բանի համար, որ դուք, ապրելով մայրաքաղաքում, հասկանում եք, որ ձեր սիրտը բաբախում է զիվորի հետ, զինվորի կողքին, առաջնագծում... Իսկապես, շատ ուրախ եմ այսօրվա համար, մենք շատ ուրախ ենք՝ Արտեմ Խաչատուրին տեսնելու համար, մենք պետք է միասնական ուժով ցույց տանք, թե որն է իրականը, որն է հայկականը, որն է գեղեցիկը, քանի որ ինչ որ գեղեցիկ է, այն աստվածային է…»:
Տերունական աղոթք կարդալուց հետո տեր Արամ քահանան խոսքը փոխանցեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին.
-Այս երկու օրերի չորս համերգները տեղի ունեցան չքնաղ մի հրեշտակի՝ Արևիկ անունով մի աղջկա շնորհիվ. շաբաթներ առաջ նա եկավ «Նարեկացի» արվեստի միություն և ասաց՝ ինչ լավ կլինի, որ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը ելույթ ունենա զինվորների համար: Մենք իսկույն համաձայնեցինք, որովհետև մեզ համար պատիվ է ձեզ մատուցել այն, ինչը որ հայկական է, ազգային է, ժողովրդական է, մաքուր է: Մեծ սիրով է արվում այս ամենը, և առավել պարտավորված ենք զգում մեզ, քանի որ զինվորի առջև ենք գտնվում: Ամեն վայրկյան կարող է փոխվել Հայաստանի ճակատագիրը: Դուք եք պահապանները, և եթե չլինեն փոքրիկ նժդեհներ, կյանքը կկանգնի, մենք չենք լինի: Դուք եք վահանը հայ ժողովրդի:
Այնուհետև տավուշցի տաղանդավոր մի հայուհի՝ Սիրանուշ Մելիքյանը, ընթերցեց Գրիգոր Նարեկացի:
Համերգը անցավ մի շնչով և անվերջանալի թվացող ծափողջույններով:
Համերգի ավարտին զորամասի հրամանատարությունը միությանը անակնկալ մատուցեց. հայոց բանակի հանդեպ տածած բացառիկ վերաբերմունքի համար շնորհակալագիր շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ինչպես նաև Արևիկ Համբարյանին բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զորամասի անձնակազմի հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման համար:
Մեկ ժամ անց «Նարեկացի» նվագախումբը մեծագույն սիրով կրկին հանդես եկավ արդեն տավուշցիների համար:
-Շատ հաճելի էր, գեղեցիկ էր, շնորհակալ ենք անչափ նման համերգի համար: Փոքրիկ աղջիկս արդեն ցանկություն հայտնեց քանոնահարուհի դառնալ…, - իր տպավորություններով կիսվեց հանդիսատեսներից մեկը:
Համերգային այս շրջագայության ավարտը ևս զերծ չէր անակնկալից: Բերդի Մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը նվագախմբին կոնտրաբաս նվիրեց, ինչը մեծագույն ոգևորվածությամբ և սիրով ընդունեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ խաչատուրը՝ հայտնելով իր խորին շնորհակալությունը:
-Մյուս տարի անպայման նորից կգանք, բերդցինե՛ր…,- այսպես եզրափակեց համերգը Նարեկ Հարությունյանը: