Լուրեր

«Նարեկացի» համույթի առաջին համերգային շրջագայությունը Հայաստանից դուրս

2010 Ապր 22, Հինգշաբթի 00:00

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի եվրոպական շրջագայության վերաբերյալ Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ ասուլիս:

Ապրիլի 22-ից մայիսի 6-ը «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը «Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով ներկայացավ Ֆրանսիայի և
Շվեյցարիայի շուրջ տասը քաղաքներում` Ժնև, Ցյուրիխ, Լուգանո, Փարիզ, Կահոր, Լիոն, Թուլուզ, Սարլա, Սենթ Շամասսի, Մոնթելիմար` ներկայացնելով
հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Մոնթելիմարում և Ռոմանում համույթը նաև վարպետության դասեր անցկացրեց տեղի երաժշտանոցի սաների հետ։

Համերգները մեծ հետքրքրություն են առաջացրել արտերկրում, ակտիվորեն լուսաբանվել ֆրանսիական, շվեյցարական, նաև տեղի՝ իտալական լրատվամիջոցների կողմից։ Շրջագայության վերաբերյալ կազմակերպված ասուլիսին ներկա էին ՆԱՄ-ի հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը, համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը, համույթի ծրագրերի համակարգող Անահիտ Դավիդյանցը և երաժիշտները։

Նարեկ Հարթունյանը նշեց. «Շատ կարևոր մի առաքելությամբ էինք ուղևորվել Եվրոպա. այս փոքրիկների միջոցով հնչեցնել, վերընծայել հայկական մեղեդիներ և այս ճանապարհով նոր սերնդի միջոցով պահպանել կապը մեր արմատների, մշակույթի և պատմության հետ։ Մենք միաժամանակ հասկացանք, որ մարդիկ ծարավ են մաքուր ու զուլալ արվեստի, երաժշտության: Ինձ համար մեծ ձեռքբերում էր այն, որ համերգներին ներկա էին ոչ միայն հայեր, այլև բազմաթիվ օտարերկրացիներ: Վերջիններս շատ տպավորված էին և այսուհետև հետաքրքրվելու են մեր երաժշտությամբ։ Մենք կարողացանք այդ բացը մեր պատանի երաժիշտների միջոցով լրացնել»։ Համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը հավելեց. «Համերգները մեծ ազդեցություն էին թողնում հանդիսատեսի վրա. ամենուր ոտքի կանգնած մոտ 15 րոպե ծափահարում էին` խնդրելով մի համար ևս նվագել, չնայած համերգն ավարտվել էր։ Դա շատ էր ոգևորում մեզ և երաժիշտներին: Այս ամենը մեզ ևս մեկ անգամ հուշում է, որ այն ինչ անում ենք, ճիշտ է և
ժամանակին։ Պետք է ավելի առաջ շարժվենք։ Մենք նպատակ ունենք գտնելու, վերականգնելու հայկական այն նվագարանները, որոնք այսօր արդեն գործածությունից դուրս են կամ պահպանվել են միայն պատմական հիշատակություններում ու մանրանկարներում` փանդիռ, հայկական քնար, տավիղ, քամանի և այլն։ Մեծ ցանկություն ունենք դրանք վերականգնելու, նոր դասարաններ ստեղծելու։ Այս կերպ մենք մոռացությունից կփրկենք մեր նվագարանները, որոնցով պայմանավորված է նաև հայ երաժշտության ինքնատիպությունը»։

Ասուլիսին ներկա էին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալուց հետո միությունից
հեռացան «մաքուր ու լուսավոր զգացողությամբ», որն ապահովեցին պատանի երաժիշտներն՝ իրենց կարճ համերգային համարներով։