2010 Ապր 18, Կիրակի 19:00
Ապրիլի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգը։ 6-22 տարեկան երաժիշտները հայկական ավանդական ամենատարբեր երաժշտական նվագարաններով` դուդուկ, քամանչա, թառ, դափ, քանոն, բլուլ և այլն, կատարեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի և այլ հայտնի կոմպոզիտորների ու աշուղների ստեղծագործություններից։ Այն խորհրդանշական սկիզբ էր Եվրոպայում սպասվող համերգային շրջագայությունների համար։ Հրավիրյալները խիստ կարևորեցին մեր իրականության մեջ նման համույթի առկայությունն ու դերը։
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Լավանդա Շեֆերդը նշեց. «Առաջին անգամ եմ Հայաստանում և իսկապես հաճույք ստացա՝ լսելով ազգային նվագարանների երաժշտությունը։ Ես սիրում եմ բարձրաճաշակ երաժշտություն, իսկ նվագախումբը հրաշալի գործ է արել… երգեցողությունը, երաժշտությունը, նվագարանները, ամեն ինչ հիասքանչ է։ Եթե գնահատման ամենաբարձր աստիճանը լիներ 12, իմ գնահատականը 12-ը կլիներ։ Կարծում եմ` սա նաև մի ձև է ներկայացնելու մարդկանց ձեր երկրի երաժշտությունը, պատմությունը։ Ցանկանում եմ, որ համույթը շարունակի սկսած գործը, այս մանուկներն այդ ամենը լավագույն ձևով են ներկայացնում, և այն պետք է հետաքրքրի համայն աշխարհին։
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ասաց. «Այսօր ամբողջ աշխարհում մշակութային մի այնպիսի թոհուբոհ է, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պահպանենք մեր արմատները։ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթն այս առումով մանկական կայացած խումբ է։ Երեխաները հագել են իրենց ապուպապերի հագուստը, նվագում են հայկական ավանդական երաժշտություն, երգում ավանդական երգը, որը պետք է շարունակվի ընդմիշտ»։
«21-ի հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչ Սոնա Հովհաննսիյանը նշեց.
«Սա իր նախադեպը չունեցող իրադարձություն է. երեխաների խումբն այսօր ներկայացավ փայլուն կատարմամբ` դրսևորելով փայլուն որակ, և բոլորիս պարտքն է աջակցել այս հայրենանվեր գործին»։ Արամ Նազարյանը (Ֆրանսիա, Ռոման) հավելեց. «Մտահոգ էի, թե արդյոք կլինի այս սերնդափոխությունը, նոր սերունդը կկարողանա նվագել… ճիշտ, մաքուր երգել Սայաթ-Նովա, Կոմիտաս, շարականներ… Այժմ խիղճս հանգիստ է։ Ուրախությամբ սպասում ենք «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթին Եվրոպայում` Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Խմբի ինքնատիպությունն ու համերգային բարեհաջող ընթացքը բացել են նոր ճանապարհներ. հրավեր դեպի Եվրոպա… 2010թ. ապրիլի 22-ից մայիսի 8-ը համույթը պատրաստվում է այցելել Շվեյցարիա և Ֆրանսիա։ Համերգային շրջագայության ընթացքում նրանք հանդես կգան Ժնևում, Ցյուրիխում և Լուգանոյում, Փարիզում, Կահորում, Լիոնում, Թուլուզում, Սարլայում, Սենթ Շամասսիում, Մոնթելիմարում:
«Նարեկացի» համույթը հավատարիմ է իր նպատակին. համախմբել, վերծանել հայկական ժողովրդական նվագարանները, որոնք բոլոր ժամանակներում աչքի են ընկել իրենց յուրահատկությամբ, ներկայացնել հայ ավանդական երաժշտությունը և երկխոսության մեջ մտնել բոլոր ժողովուրդների հետ երաժշտության լեզվով: