Լուրեր

Ոգեկոչում արվեստի շնչով

2024 Ապր 24, Չորեքշաբթի 13:00

«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառումը աղոթքով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Վարդան քահանա Հայրապետյանը:

Միջոցառման ընթացքում հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան «Գառնի» վոկալ հնգյակը (գեղ․ ղեկավար՝ Սոնա Մովսեսյան) և միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր ` Րաֆֆի Միքայէլեան, նվագակցող՝ Լիլիթ Թալանչյան):

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը նշեց, որ մեր նպատակն է մշակույթով՝ երաժիշտներով, արվեստագետներով, փոխանցել այս սուրբ օրվա պատգամը: Մենք իրավունք չունենք ուրանալ մեր սուրբ զոհերին և դեմ գնալ Աստծուն: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը և «Նարեկացի» արվեստի միության առաքելությունն է մշակույթով ծառայել բարուն և մնալ հավատարիմ ազգային դիմագծին: ՆԱՄ հիմնադիրն իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլորին, որոնք այսօր մեզ հետ են և ծառայում են լույսին՝ Քրիստոսի լույսին, որը շատ կարևոր է վառ պահել և փոխանցել:

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր) հանդես եկավ Արցախյան ժողովրդական երգերի կատարումներով:
Մենակատարներ՝ Լուսին Վանես, Աշոտ Դավթյան

Համերգը վարեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ է անցկացնում հիշատակի և ոգեկոչման համահայկական այդ օրը՝ կոչ անելով աշխարհին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը: