Լուրեր

Ոգեկոչում արվեստի շնչով

2023 Ապր 24, Եկուշաբաթի 14:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը միջոցառումը սկսեց տերունական աղոթքով:
Բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել երաժիշտը, որն իր խոսքում ցավ հայտնեց, որ ոճրագործը շարունակում է սպանել և ոչնչացնել, սակայն, ի հեճուկս դրա, հայը կա, ապրում է և արարում:

«ԿՈՄԻՏԱՍ» վոկալ քառյակը (գեղ. ղեկավար` Ալվինա Նաջարյան) կատարեց Մեսրոպ Մաշտոցի «Բազում են քո գթությունքդ», Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները և անհայտ հեղինակի «Ուր ես մայր իմ» տաղը:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արամ Կոստանյանը կարդաց սփյուռքահայ բանաստեղծ Գառնիկ Ադդարյանի «Սա կարոտ» գործը:

Ելույթ ունեցան «ՆՈՎԱ» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան)` կատարելով Կոմիտաս Քեշիշյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը, փոխադրումը՝ Աննա Բաբայանի, կատարումը՝ «Նովա» անսամբլի քանոնահարուհիներ Սիլվանա Միրիջանյանի, Արևիկ Ներկարարյանի, Մանուշակ Նաղդալյանի:

Միջոցառման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը ընթերցեց Դանիել Վարուժանի «Անդաստան» և Սիամաթոյի «Հայ դաշտերուն պաղատանքը» ստեղծագործությունները:

«ՓԱՐՈՍ» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան) կատարեց Կոմիտասի «Հայր մեր», Ավետ Տերտերյանի «Մենավոր մի ծառ», Մակար Եկմալյանի «Կիլիկիա» ստեղծագործությունները:
«ՆԱՐԵԿԱՑԻ» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր). հանդիսատեսին ներկայացավ հետևյալ ստեղծագործություններով.
Սմբատ Խալաթյան-«Լեռնակերտ»
Սայաթ Նովա-«Աշխարհս մե փանջարա է», մեներգիչ՝ Հենրիկ Գրիգորյան
Ժողովրդական պարեղանակ-«Կինտաուրի», մշակումը՝ Արտեմ Խաչատուրի
Քանոնի մենանվագ ՝Գոհար Ֆրանգյանի, Էդիտա Մաթևոսյանի

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ է անցկացնում հիշատակի և ոգեկոչման համահայկական այդ օրը՝ կոչ անելով աշխարհին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը: