Լուրեր

Ոգեկոչում արվեստի շնչով

2022 Ապր 24, Կիրակի 15:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի ապրիլի 24-ին միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը:

Միջոցառմանը հոգևոր խոսքով և Տերունական աղոթքով հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Շահե Հայրապետյանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), երգիչներ Սմբատ Խալաթյանը, Լուսինե Միրզախանյանը, Վարդան Բադալյանը, «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկ.՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), բլուլահար Ավագ Մարգարյանը, միջոցառումը վարեց ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:
Ոգեկոչման երեկոյի ընթացքում հնչեց Դանիել Երաժիշտի «Ապրիլի 24» ստեղծագործությունը (խոսք՝ Էդվարդաս Մեժելայտիս) 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված օպերային երգիչ Գևորգ Հաջյանի կատարմամբ:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Մենք պետք է վրեժ լուծենք` ապրելով որպես հայ: Մենք պարտավոր ենք կանգուն պահել մեր հավատն ու ոգու արիությունը, որպեսզի նման արհավիրքից
այլեւս զերծ լինի հայ ժողովուրդը»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումն ավարտվեց ավանդույթ դարձած մոմավառությամբ՝ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի հոգեհույզ եւ հաղթական մեղեդիների ներքո:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում ներկայացվեցին Անի Գևորգյանի, Արմինե Հարությունյանի, Աննա Վանեսյանի, Ինեսսա Պողոսյանի աշխատանքները (ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 29-ը):