Լուրեր

Ոգեկոչում արվեստի շնչով

2021 Ապր 24, Շաբաթ 15:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի խոսքով:

Երաժշտական կատարումներով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա ուղերձը հղեցին դաշնակահար Լևոն Կարապետյանը, «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան):

44-օրյա պատերազմը հազարավոր հայորդիների կյանք խլեց, որոնց թվում էր նաև «Նարեկացի» նվագախմբի քամանչահար Մհեր Փոթոյանը. միջոցառմանը «Նարեկացի» նվագախումբը Մհեր Փոթոյանի վառ հիշատակը անմահացրեց նոր` «Նվիրում» ստեղծագործությամբ:

Երեկոյի ընթացքում ելույթի խոսքով հանդես եկավ Դանիել Երաժիշտը՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների նշանակությունը:

Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը իր խոսքն ուղղեց ներկաներին:

-Մենք պետք է վրեժ լուծենք` ապրելով որպես հայ: Մենք պարտավոր ենք կանգուն պահել մեր հավատն ու ոգու արիությունը, որպեսզի նման արհավիրքից այլեւս զերծ լինի հայ ժողովուրդը,-նշեց Նարեկ Հարությունյանը:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումն ավարտվեց ավանդույթ դարձած մոմավառությամբ:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալ նոր ցեղասպանությունների կրկնումը: