2019 Հուն 05, Չորեքշաբթի 14:00
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալեց Լեգենդար “Deep Purple”-ի վոկալիստ Իէն Գիլանին և “Black Sabbath”-ի կիթառահար Թոնի Այոմինին:
«Նարեկացի» արվեստի միությունը՝ «Նարեկացի» նվագախմբի մասնակցությամբ մեծ սիրով և ոգևորությամբ ընդունեց աշխարհահռչակ երաժիշտներին, ովքեր Հայաստան են ժամանել տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:
Հյուրերին իր խոսքն ուղղեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
-Մեզ համար մեծ պատիվ է, որ դուք այստեղ եք: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ Հայաստանում ծավալած բարեգործական գործունեության համար: «Նարեկացի» արվեստի միության առաքելության հիմքը սերն ու նվիրումն է, և մենք ուրախ ենք, որ դուք ևս այդ արժեքներով եք առաջնորդվում: «Նարեկացի» արվեստի միությունն իր երախտագիտությունն է ցանկանում հայտնել ձեզ երաժշտության միջոցով, -նշեց Նարեկ Հարությունյանը:
ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանի ելույթից հետո «Նարեկացի» նվագախումբն իր երաժշտական անակնկալը մատուցեց հյուրերին՝ կատարելով “Smoke on the Water” և “She's Gone” երգերի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով:
Հյուրերը երաժշտական անակնկալից չափազանց տպավորված էին:
Նվագախմբի համերգային կատարումների ավարտից հետո Իէն Գիլանն իր հիացմունքը հայտնեց երիտասարդ երաժիշտների կատարողական բարձր մակարդակի վերաբերյալ:
Չնայած հյուրերի շտապողական տրամադրությանը, ներկաները կարողացան լուսանկարվել սիրելի երաժիշտների հետ՝ անմահացնելով այդ հիշարժան պահերը: