Լուրեր

Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

2019 Փետ 28, Հինգշաբթի 03:00

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված միջոցառում:

Ցերեկույթը մեկնարկվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին` Հայր Սուրբը նշեց. «Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպվող այս ավանդական դարձած միջոցառումը գալիս է վկայելու, որ Վարդանանց սխրանքն այսօր էլ պատգամ դարձած կենսանորոգումի առիթ է մեզ ամենքիս համար: Ազգային ինքնությունը մեր օրերում երբեմն կարող է դիտարկվել որպես սոսկ ավանդությունից կառչած լինելու իրականություն: Սակայն, վարդանանց բովով անցած մեր ազգի պատմությունը մեզ ուսուցանում է, որ մենք ունենք պատասխանատվություն մեր նախնյաց կատարած հերոսության առջև. այդ պատասխանատվությունը հային հայ դարձնող իր քրիստոնեական արժեհամակարգով ապրելն է, որի մեջ պարզ ուղենշված են ժամանակակից մարդու, երիտասարդի համար այդքան թանկ ազատության և իրավուքների իրացման ամենից տեսանելի ուղիները:

Հիշենք, որ պատերազմները տեղի են ունենում զենքերի օգնությամբ, սակայն դրանցում հաղթում են մարդիկ: Առաջնորդող մարդկանց և նրանց հետևող մարդկանց ոգին է, որ հասնում է հաղթանակի»:

Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների ուսանողներ և զինվորականներ:
Վերջում Հայր Սուրբը ներկաների անունից իր շնորհավորանքները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության ուրախալի օրվա առիթով:

Հանդիսության մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տ. գ. թ., դոցենտ Ռուբեն Մարկոսյանը:

Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը:
Միջոցառման ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի երգչախմբերն ու եզրափակիչ գեղեցիկ ելույթով «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր), իսկ չավարտվող ծափերը ստիպեցին նվագախմբին ևս մեկ ստեղծագործություն հնչեցնել:
Ցերեկույթն ամփոփվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի պատգամով ու օրհնությամբ:

Հանդիսությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: