2018 Հոկ 07, Կիրակի 17:00
«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ եվրոպական համերգային շրջագայությունից հետո գեղեցիկ համերգով հանդես եկավ Գորիսի դրամատիկական թատրոնում:
Միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, որի վերջում Գորիսի համայնքի ղեկավարի օգնական Իրինա Յոլյանն իր շնորհակալությունը հայտնեց նվագախմբին և պատվոգրեր հանձնեց լավագույն ուսուցիչներին:
- Շնորհակալ ենք «Նարեկացի» նվագախմբին ազգային ոգով համերգի համար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին և տնօրեն Գայանե Խաչատրյանին, որ չմերժեցին մեր առաջարկը և լավագույն ուսուցիչների պատվոգրերի հանձման արարողակարգը հնարավոր եղավ մեկ միջոցառման շրջանակում, - իր խոսքում ընդգծեց Իրինա Յոլյանը:
ՆԱՄ տնօրեն Գայանե Խաչատրյանն էլ միության խորհրդանշական նուռը նվիրեց Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանին և Գորիսի համայնքի ղեկավարի օգնական Իրինա Յոլյանին:
Միջոցառմանը հնչեցին նվագախմբի ինչպես 2018 թվականին հրատարակված «Նոր շունչ» սկավառակում զետեղված ստեղծագործությունները, այնպես էլ այլ հայկական ժողովրդական ստեղծագործություններ:
Գորիսը 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել. «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները տվյալ երկրի առաջարկով: