Լուրեր

Համերգ Ստամբուլում

2018 Սեպ 06, Հինգշաբթի 20:30

Ստամբուլի Շիշլի Ճեմիլ Ջանդաշ Քենթ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի համերգային երեկոն (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուր):

Համերգն ընթացավ լեցուն դահլիճում՝ հնարավորություն ընձեռելով տեղաբնակներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:

- Մենք մեծ ոգևորությամբ ենք այսօր այստեղ և պատիվ ունենք հանդես գալ ձեզ համար: Մեզ հետ հայրենիքից բերել ենք հատուկ նվեր. «Նարեկացի» արվեստի միությունը յուրահատուկ նվեր-պարգևատրում ունի՝ միության պատկերանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։

Նվերը պատկանում է Սեզար Ավեդիքյանին, ով Ստամբուլի համերգի կազմակերպիչն է: Այս նվերով մենք տալիս ենք Ձեզ «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ Դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ մշակույթը տարածելու հարցում մեծ գործունեություն են իրականացնում, - փակման հանդիսավոր խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Սա մեծ համերգային շրջագայության առաջին կանգառն էր, որից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Համերգին ներկա էր Կարո Փայլանը , ով քաղաքական գործիչ է և Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է:
06.09.2018