2018 Հուլ 22, Կիրակի 19:00
Հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Ամերիկահայ մշակույթի ֆոնդի «Փէրիա» մշակութային կենտրոնի կազմակերպած իրանահայ աշուղների «Կարոտի կանչ» բացառիկ համերգը՝ նվիրված իրանահայության ավելի քան 400-ամյա պատմությանն ու մշակույթին։
Միջոցառմանը կհնչի աշուղական 22 երգի պրեմիերա:
Համերգային ծրագիրն իր երաժշտական կատարումներով կծաղկեցնի «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր)։
Երեկոյին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև մենակատարներ Վարդան Բադալյանը, Հայկուհի Բաբախանյանը, Սմբատ Խալաթյանը, Լուսինե Միրզախանյանը, Էդգար Խաչատրյանը, «Նազանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյան):
Միջոցառումը կվարի ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը:
***
Մուտքը` միայն հրավիրատոմսերով
Հրավիրատոմսերը կարող եք ձեռք բերել Ամերիկահայ մշակույթի ֆոնդի «Փէրիա» մշակութային կենտրոնի երևանյան գրասենյակից:
հասցե` Բաղրամյան 71 շ.
Հեռ՝ 010 27-21-37
***
Նշենք, որ 1996թ. մի խումբ համախոհների ջանքերով Լոս Անջելեսում հիմնադրվել է ամերիկահայ մշակույթի ֆոնդի «Փէրիա» մշակութային կենտրոնը, որի ծավալած գործունեությունը միտված է հայկական մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:
2003թ. «Փէրիա» մշակութային կենտրոնը մշակել է միջոցառումների ծրագիր, որի միջոցով հանրությանն է ներկայացնում շահաբբասյան բռնագաղթի հետևանքով Իրանում ձևավորված իրանահայ գաղութի 400-ամյա պատմությունը և այդ ընթացքում ստեղծված մշակութային արժեքները:
Փէրիան Իրանի 10-րդ նահանգի (Սպահան) ամենահայաշատ գավառն է: Հայ համայնքը Փէրիայում հաստատվել է շահաբբասյան օրերից. գավառն անցյալում ունեցել է մինչև 30 հայաբնակ գյուղ, իսկ 1946թ.-ին ուներ 24 գյուղ, որոնցից 8-ը ներգաղթել են մայր հայրենիք:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանի հայաշատ շրջաններում` հատկապես Փէրիա գավառում, եղել են հայ աշուղներ, որոնք, շրջելով ժողովրդի մեջ՝ գյուղից գյուղ, գավառից գավառ, ժողովրդին ծառայել են որպես հանդեսների զարդ, տարածել են հայ երգն ու երաժշտության արվեստը:
Աշուղները եղել են նաև տվյալ գյուղի պարծանքը. Երբեմն կազմակերպվել են աշուղական մրցույթներ` երգերով, հանելուկներով և անմիջական հորինումներով:
Փէրիայի մասին կան շատ պատմամշակութային արժեք ներկայացնող գրքեր, որոնցից կցանկանայինք նշել Լևոն Մինասյանի «Փէրիայի հայ աշուղները» և «Պատմություն Փէրիայի հայերի» գրքերը: