2018 Մար 27, Երեքշաբթի 19:00
«Նարեկացի» արվեստի միությունում Ավագ շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Ավագ շաբաթ» խորագիրը կրող համերգային երեկոն:
Երեկոն Տերունական աղոթքով և Ավագ երեքշաբթիի խորհրդով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
- Այս օրերը կարևոր խորհուրդ ունեն մեզ համար, քանի որ մենք քննում ենք մեր ներքին հոգեվիճակը, զղջում մեր սխալների համար` աղերսելով տիրոջը ներում շնորհել...,- իր խոսքում ընդգծեց Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
Գեղեցիկ ելույթներով հանդես եկան երգչուհի Լուսինե Ազարյանը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), Լուսինե Աղաջանյանը (մեցցո սոպրանո), Յանա Թևանյանը (սոպրանո), Հովսեփ Նշանյանը (բաս), Արման Առաքելյանը (տենոր), «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար`Լուսինե Աղաջանյան) և «Լապտերներ» նախագծի մասնակիցները: