2017 Հոկ 15, Կիրակի 18:00
«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է “System of a Down” հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին լսելն ու նկարահանելն է:
Երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին, որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին, ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և շնորհիվ դրա՝ ռոք երաժիշտը, այցելելով Հայաստան դեռևս 2017 թվականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր՝ լսելու նրանց:
Թանկյանը կրկին «Նարեկացի» արվեստի միության կենտրոնում էր նկարահանող խմբի հետ, ով հետաքրքրված է հայկական անաղարտ երաժշտությամբ և «Նարեկացի» նվագախմբի գործունեությամբ:
Մթնոլորտն աշխատանքային էր, չափազանց ջերմ ու փոխադարձ ոգևորությամբ լի:
- Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում: Շնորհակալություն,- իր սրտի խոսքն ասաց նվագախմբին Սերժ Թանկյանը:
Իր զգացողություններն ու շնորհակալական խոսքն արտահայտեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ ասելով.
-Շնորհիվ Սերժ Թանկյանի՝ Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող այս վավերագրական ֆիլմում ընդգրկվեց նաև «Նարեկացի» նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալություն նրան «Նարեկացի» արվեստի միության և «Նարեկացի» նվագախմբի անունից: