Լուրեր

Համերգային երեկո ՆԱՄ-ում

2017 Սեպ 07, Հինգշաբթի 18:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայոց հովիկ» խորագիրը կրող համերգային երեկոն:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար` Արտեմ Խաչատուր) և «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), որոնց` անվերջանալի թվացող ծափերով հանդիսատեսը պարզապես բաց չէր թողնում:

Համերգային երեկոն նշանակալից էր նաև նրանով, որ բազմաթիվ կանադահայերի հետ միասին հանդիսատեսի շարքերում էր կանադահայ լրագրող, «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանը, ով «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման օրվանից աջակցում և բոլոր կարևոր հարցերում օգնում է միությանը:

- Այսօր նշանակալից օր է ինձ համար, քանի որ այստեղ է իմ ընկեր Վահագնը. մարդ, ով «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման օրվանից ինձ հետ է, մարդ, ում 2003 թվականին պատմեցի, որ ցանկանում եմ այսպիսի միություն հիմնել, միանգամից ասաց, որ կողքիս կանգնած է և կոօգնի բոլոր այն հարցերում, որոնք իր ուժերի սահմանում են, մարդ, ով շատ բան է արել ՆԱՄ-ի համար՝ միության առաջին միջոցառման բացման խոսքը գրելուց մինչև Շուշիի մասնաճյուղի համակարգչային դասարանի համար համակարգիչներ ապահովելը: Մենք ունենք յուրահատուկ նվեր-պարգևատրում՝ միության խորհրդանշով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։ Այս նվերով մենք տալիս ենք Վահագնին «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ նա այն մարդկանցից է, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում բազմաթիվ երկրներում,- համերգային երեկոն եզրափակեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: