Լուրեր

Համերգ Աշտարակ քաղաքում

2016 Դեկ 08, Հինգշաբթի 12:00

«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ համերգային թարմացված ծրագրով հանդես եկավ Աշտարակ քաղաքի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

Այս երաժշտական միջոցառումը հնարավորություն տվեց Աշտարակի հանդիսատեսին վայելելու «Նարեկացի» նվագախմբի կատարմամբ հնչող հայկական ժողովրդական անզուգական մեղեդիները:

-Շատ հաճելի էր լսել հայկական մեղեդիները հայ երիտասարդների կատարմամբ: Վստահ եմ, որ սա առաջին, բայց ոչ վերջին համերգն է մեզ մոտ: Շնորհակալ ենք համագործակցության և նման գեղեցիկ համերգի համար. հուսով ենք, որ ձեզ կրկին կտեսնենք մեր բեմում,- միջոցառումն իր խոսքով եզրափակեց Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանը:

Նշենք, որ նվագախումբը հանդիսատեսին ներկայացավ երկու նոր՝ «Դուդուկիս» և «Ադաջիո» ստեղծագործություններով, որոնք հնչում էին առաջին անգամ:

Համերգային երեկոյի ընթացքում «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի կատարմամբ հնչեցին Արտեմ Խաչատուրի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Է. Բաղդասարյանի, Ծովինար Հովհաննիսյանի, Ռ. Վարդանյանի, Իվ Մոնտանի, Գ. Արմենյանի ստեղծագործություններից: