Լուրեր

«Նարեկացի» համույթը՝ տարվա ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող

2011 Մար 21, Եկուշաբաթի 00:00

Մարտի 21-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թողարկած ձայնասկավառակը ճանաչվեց «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթող։##

Ձայնասկավառակի ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է Նարեկացի Արվեստի Միությունը: Ձեռնարկը միության հրատարակչական գործունեության մաս է կազմում և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ խտասկավառակներից, որ ՆԱՄ-ն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով է հրատարակում` հետամուտ լինելով հայ մշակույթի պահպանման և զարգացման իր առաքելությանը։
Ձայնասկավառակում ընդգրկված են հայ ժողովրդական և աշուղական գործեր։

Ներկայացված են Զավեն Թագակչյանի փոխադրած «Առավոտ լուսո», Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» և «Արի ինձ անգաջ կալ», Ալեքսանդր Թադևոսյանի փոխադրած «Բաղդագյուլի», Թաթուլ Ալթունյանի գրառած «Ղափամա», Շերամի «Թառլան-թառլան», Կոմիտասի «Շուշիկի» և այլ ստեղծագործություններ, ինչպես նաև ժողովրդական շուրջպարեր ու մենապարեր։ Ձայնասկավառակին կից ներկայացված է նաև հայերենով, անգլերենով և ֆրանսերենով տպագրված ծավալուն գրքույկ, որտեղ լուսանկարներով ցուցադրված են բոլոր նվագարանները` տեքստային նկարագրությամբ ու պատմական ակնարկներով։ Գրքույկում նաև զետեղված է «գործիք» բառի ստուգաբանության համառոտ ակնարկ` Հայդուկ Շամլեանի հեղինակությամբ։